• UK
  • 15:59 24 նոյեմբեր 2009
  • |    
  • 19:59 24 նոյեմբեր 2009

Դեսպանի հարցազրույցը News.am-ին

Այս տարածաշրջանում կա մի համառ, բայց սխալ ենթադրություն, որ միջազգային հարաբերությունները խաղ է, որտեղ միայն մեկ կողմն է հաղթում

 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Չառլզ Լոնսդեյլի բացառիկ հարցազրույցը NEWS.am-ին.

Պարոն դեսպան, ինչպիսի՞ն է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում: Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները մեր տարածաշրջանում:

Մենք ցանկանում ենք տեսնել կայուն, բարգավաճ եւ անվտանգության տեսանկյունից ապահով Հայաստան: Եւ նույնը վերաբերվում է ամբողջ տարածաշրջանին: Այդ պատճառով տարածաշրջանի հակամարտությունների լուծմանն աջակցելը մեզ համար առաջնային կարեւորություն է ներկայացնում: Բացի հակամարտության կողմերի միջեւ բարձր մակարդակով բանակցություններից, մենք էապես կարեւոր ենք համարում խրախուսել Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մարդկանց եւ քաղաքացիական հասարակության միջեւ շփումները: Անմիջական շփումը եւ իրար մասին առավել տեղեկացված լինելը ժամանակի ընթացքում կօգնեն հավատ եւ վստահություն ձեւավորել, ինչն անհրաժեշտ է կայուն քաղաքական կարգավորման հասնելու համար:

Մենք ցանկանում ենք նաեւ խրախուսել եւ աջակցել Հայաստանին՝ եվրոպական կառույցներում, հատկապես Եվրամիություն եւ ՆԱՏՕ ընդգրկվելու գործում: Կարծում ենք սա դրականորեն կանդրադառնա Հայաստանի երկարաժամկետ զարգացման վրա` տնտեսական, սոցիալական ու քաղաքական առումներով: Այն կխթանի բարեփոխումների գործընթացը մի շարք ոլորտներում` ներառյալ պաշտպանությունը: Բայց, անշուշտ, անհրաժեշտ է, որ այս զարգացումը բխի Հայաստանի սեփական շահերից:

Մենք ցանկանում ենք նաեւ աջակցել կայուն, ժողովրդավարական քաղաքական համակարգի զարգացմանը` հիմնված մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վրա: Գործնականում սա նշանակում է մեր աջակցությունը գրեթե ամեն ինչում` հասարակական կյանքում կանանց ավելի ակտիվ մասնակցությունից սկսած մինչեւ մեր կրթաթոշակային եւ վերապատրաստման երկարաժամկետ ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս հայերին այցելել Միացյալ Թագավորություն եւ ուսանել այնտեղ:

Ասում են, որ տարածաշրջանում Հայաստանի բարեկամը Ֆրանսիան է, Վրաստանի բարեկամը` ԱՄՆ-ը, իսկ Ադրբեջանի բարեկամը` Մեծ Բրիտանիան: Ինչպե՞ս եք վերաբերում նման տեսակետին, հատկապես, որ Մեծ Բրիտանիան հաճախ առաջնորդվում է նաեւ նավթային շահերով:

Երկու նախնական դիտարկում: Նախ եւ առաջ, այս եւ այլ տարածաշրջաններում կա մի համառ, բայց, կարծում եմ, սխալ ենթադրություն, որ միջազգային հարաբերությունները խաղ է, որտեղ միայն մեկ կողմն է հաղթում («zero sum game»). որ եթե ունես հետաքրքրություններ մի երկրում, ապա պետք է թշնամաբար մոտենաս մյուսներին: Չեմ կարծում, որ միջազգային հարաբերությունները այսպիսին են, եւ, իհարկե, մենք այդպես չենք աշխատում: Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ եւ արժեւորում ենք դրանք նույնքան, որքան եւ այլ երկրների հետ մեր հարաբերությունները: Երկրորդ, էներգետիկ անվտանգությունը այժմ առաջնային է աշխարհի բոլոր երկրների համար, ներառյալ Հայաստանը: Մեծ Բրիտանիան այլ երկրներից ավել չի առաջնորդվում նավթային շահերով:

Անշուշտ ճշմարիտ է, որ բրիտանական ընկերությունները զգալի ներդրումներ ունեն Ադրբեջանում: Բայց նույնիսկ զուտ սեփական շահի տրամաբանությունը նշանակում է, որ մենք այդ պատճառով կայունություն ենք ցանկանում տեսնել տարածաշրջանի բոլոր երկրներում: Մենք իհարկե ցանկանում ենք տեսնել կայուն, անվտանգության տեսակետից ապահով եւ բարգավաճող Հայաստան: Այդ նպատակով համագործակցում ենք Հայաստանի հետ մի շարք ոլորտներում` պաշտպանությունից մինչեւ կրթություն, կլիմայի փոփոխությունից մինչեւ հաշմանդամ մարդկանց իրավունքները: Մենք համարում ենք նաեւ, որ ժողովրդավարության եւ արդյունավետ կառավարման զարգացումը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը էական են ցանկացած հասարակության առողջ զարգացման համար, այդ թվում նաեւ Հայաստանի հասարակության համար: Այդ պատճառով մենք բարձրաձայնում ենք մեր անհանգստությունը ինչպես երկկողմանի հարաբերություններում, այնպես էլ Եվրամիության մեր գործընկերների հետ: Դրանք անշուշտ ներառում են մի շարք ծանոթ խնդիրներ` ներառյալ 2008թ. մարտի 1-2 իրադարձությունների եւ քաղաքական գործունեության հետ կապված մարդկանց շարունակվող կալանավորումն ու հետապնդումը, այդ իրադարձությունների թափանցիկ, անկախ եւ արդյունավետ հետաքննության անհրաժեշտությունը, մամուլի եւ հավաքների ազատության սահմանափակումները, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, ազատ ու արդար ընտրությունների անցկացումը:

Մենք նաեւ մի շարք ոլորտներում աջակցում ենք ծրագրերի, որոնք նպատակաուղղված են այս խնդիրներից մի քանիսին ու խրախուսում են արդյունավետ եւ ուժեղ քաղաքացիական հասարակության զարգացումը: Սա երեւի թե ամենակարեւորն է. զարգացնել քաղաքական մշակույթ, որում հասարակ մարդիկ կարող են արդյունավետ կերպով պաշտպանել իրենց իրավունքները ու հաշվետվություն պահանջել կառավարությունից` առանց արտաքին միջամտություն ակնկալելու:

Ձեր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ: Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի աշխատանքն ու նրա կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքները: Ի՞նչ կփոխվեր, եթե համանախագահ լիներ նաեւ Մեծ Բրիտանիան:

Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որի նպատակն է բանակցությունների միջոցով հասնել հակամարտության կարգավորմանը` միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա, ներառյալ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը: Եւ մենք կաջակցենք հակամարտության լուծման ցանկացած մեխանիզմի, որն ընդունելի կլինի կողմերի համար, եւ որն ունի իրական շանս տեւական քաղաքական կարգավորում ապահովելու համար:

Մենք հասկանում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում վերջին ամիսներին ունեցել են օգտակար եւ կառուցողական հանդիպումներ: Այդ պատճառով ես հույսով եմ, որ երկու կողմերն էլ կշարունակեն առաջընթացը: Մենք անհանգստացած ենք շփման գծի երկայնքով եւ Հայաստանի ու Ադերբեջանի միջեւ միջազգային սահմանին արձանագրվող մահվան դեպքերով: Հավատացած ենք, որ կողմերը պետք է նորացնեն իրենց ջանքերը՝ լուծելու այս հակամարտությունը եւ կոչ ենք անում նրանց բարեխղճորեն աշխատել բանակցության միջոցով խնդրի կարգավորմանը հասնելու ուղղությամբ:

Էական է նաեւ կազմակերպել հակամարտության լուծման մասին բաց եւ կառուցողական հասարակական քննարկում, եւ մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել դրան աջակցելու, ինչպես նաեւ անմիջական շփումների միջոցով վստահություն ստեղծելու նպատակով: Հատկապես պետք է նշվի, որ տեւական կարգավորում ապահովելու համար երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան: Այստեղ նույնպես այն գաղափարն է, որ սա «զրոյական ելքով խաղ է», որում միայն մի կողմը կարող է «հաղթել», իսկ ցանկացած զիջում ձախողում է: Մինչդեռ այս հակամարտության լուծումը հսկայական խթան կհանդիսանա երկու երկրների տնտեսական զարգացման, կայունության եւ անվտանգության համար:

Մադրիդյան սկզբունքներում խոսք է գնում տարիներ անց ԼՂ-ում քվեարկություն անցկացնելու մասին: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ քվեարկության արդյունքում, կամ որեւէ այլ կերպ Ղարաբաղը կարող է դառնալ անկախ պետություն:

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, իհարկե, պետք է որոշեն բանակցության կողմերը եւ, ժամանակի ընթացքում՝ բնակիչները։ Մեր կողմից ճիշտ չի լինի շահարկել, թե ինչպիսին կարող է լինել կողմերի ընտրությունը:

Հայ-թուրքական հարաբերություններում նկատվող շարժը կարծես դադարել է, քանի որ Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել: Ի՞նչ պետք է անել, որպեսզի սահմանը բացվի: Չե՞ք պատրաստվում որոշակի ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ, որպեսզի խնդիրը տեղից շարժվի:

Մենք ողջունել ենք Հայաստանի նախագահի անցյալ տարվա նախաձեռնությունը` նախագահ Գյուլի հրավերի հետ կապված, ինչպես նաեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումներում արձանագրված առաջընթացը: Կարծում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը կհանգեցնի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը ու սահմանի երկու կողմերում համայնքների մերձեցմանը: Մենք իսկապես խրախուսում ենք Թուրքիային եւ Հայաստանին՝ շարունակել ճանապարհներ փնտրել գործընթացն առաջ տանելու համար:




Վերադառնալ էջի սկիզբը